ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ո՞վ է իրականում իջեցրել միջին գնահատականը

Ո՞վ է իրականում իջեցրել միջին գնահատականը
16.06.2009 | 00:00

ԼԱՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՓՈԽԱԴԱՐՁ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐՈՎ
Հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերը բողոքի մեծ ալիք բարձրացրին դիմորդ-շրջանավարտների, նրանց ծնողների և, վերջապես, կրկնուսույցների մոտ, ովքեր առաջին հերթին պետք է արդարանային իրենց հսկայական գումարներ վճարած աշակերտների ծնողների առջև` ցածր միավորների համար։ Կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 17,5-20 միավոր է ստացել 12196 քննություն հանձնողների 8,12 տոկոսը, 13,5-17,25 միավոր է ստացել 20,27 տոկոսը, 7,5-13,25 միավոր` 64,71 տոկոսը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդ-շրջանավարտների 9,78 տոկոսը։ Միջին միավորը կազմել է 11,4։
Թեստերի հեղինակների անունները, որպես կանոն, գաղտնի են պահվում, սակայն բարձրացված աղմուկից հետո հայոց լեզվի և գրականության թեստերի հեղինակային խմբի անդամները որոշել էին պատասխանել իրենց հասցեագրված մեղադրանքներին։ Ի վերջո, այդ քննադատությունն ու շահարկումները խոցել են նրանց մասնագիտական ինքնասիրությունը։ Ի դեպ, հեղինակային խմբի բոլոր անդամներն էլ` Ս. Գրիգորյան, Ա. Աբրահամյան, Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, անվանի մասնագետներ են և վայելում են մեծ հեղինակություն։
Հունիսի 13-ին թեստեր կազմողները հանդիպեցին և վիճելի հարցերը քննարկեցին իրենց ընդդիմախոսներ` հայոց լեզվի և գրականության ուսուցիչների, կրկնուսույցների հետ։ Հրավիրված էին նաև թեստերի արմատական ընդդիմախոսները, ովքեր, սակայն, չէին եկել քննարկմանը։ Ներկա էին նաև ԵՊՀ դասախոսներ, անվանի մասնագետներ, ովքեր ներկայացրին իրենց նկատառումները թեստերի վերաբերյալ։
Ավելի քան երեք ժամ տևած քննարկումը լի էր փոխադարձ վիրավորանքներով, քննադատությամբ ու սպառնալիքներով և անցավ բավականին լարված մթնոլորտում։ Թեստերի հեղինակները հիմնականում մեղադրվում էին այն բանի համար, որ հարցաշարը բավականին բարդ է և ուղեցույցից դուրս։ Հեղինակներն ընդունում էին, որ թեստերն, իրոք, բարդ են։ «Թեստը բովանդակային առումով, հագեցվածության իմաստով, այո՛, որոշ չափով բարդացնելու միտում եղել է, որը ինչ-որ չափով, գուցե, չարաշահվել է, բայց ես ուզում եմ շեշտել հետևյալը. մենք չպետք է առաջնորդվենք միջին մակարդակի երեխայի գիտելիքներով կամ հնարավորություններով, և թեստի բարդությունը դրանով չպետք է չափվի։ Այո՛, բարդացվել է և բարդացվել է բոլորի համար։ Լավագույն երեխաները ստացել են 16, 17 միավոր, եղել են նաև դիմորդներ, որոնք իրենց ուժերով ստացել են 18-19 միավոր. սա բնական է։ ՈՒրիշ խնդիր է, որ ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ դիմորդներ կարողացել են բարձր գնահատականներ կորզել։ Իմ խորին համոզմամբ` այս թեստերում մասնագիտական լուրջ սխալներ չկան։ Կան առաջադրանքներ, հարցեր, որոնց վերաբերյալ մասնագետների հետ խորհրդակցելու խնդիր կա»,- նշեց թեստերի համահեղինակ ՅՈՒ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ Նշվեց նաև, որ հարցաշարը կազմվել է թեստագիտության համաշխարհային բոլոր օրենքները մանրամասն ուսումնասիրելուց հետո։
Հիմա ամենակարևոր հարցի պատասխանը. ինչո՞ւ է թեստը բարդացվել։ Ինչպես նշեց Ս. Գրիգորյանը, կրթության և գիտության նախարարության պատասխանատուներն ամիսներ առաջ իրենցից պահանջել են միջինը 12-14 միավորի թեստեր. «Ես պատրաստել, տվել եմ 14 միավորի թեստ։ Ինձ պատասխանել են` քանի որ դպրոցներում մակարդակի ահավոր անկում կա այս տարի, գնահատականը կիջնի մինչև 12։ Դրված է եղել հենց սկզբից հայերենի մրցույթն իջեցնելու խնդիր։ Մենք զգուշացրել ենք, որ անբավարարների թիվը կավելանա, մեզ պատասխանել են` ոչինչ։ Տվել եմ 14-ի թեստ, բայց ասել եմ` ընդհանուր մակարդակը հաշվի առնելով, միջին գնահատականը կլինի 12։ Այդպես էլ եղավ։ Այսօր միջին մակարդակը 11,4 է։ Ինչ ինձնից ուզել են, տվել եմ։ Ես այստեղ մեղք կամ սխալ ունե՞մ»։ Փաստորեն, ի սկզբանե դրվել է մրցույթը կառավարելի դարձնելու և միջին գնահատականն իջեցնելու խնդիր։ Ստացվում է, որ զանգվածային բողոքներն առաջին հերթին պետք է հասցեագրվեն կրթության և գիտության նախարարությանը։ Ի դեպ, թեստերի բովանդակային կողմի պատասխանատուներից է նաև ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը, ում պաշտոնավարման ժամանակ պատվիրվել են թեստերը։ Մենք փորձեցինք խնդրի առնչությամբ խոսել պարոն Սեյրանյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում էին անպատասխան։
Ի վերջո, մասնագիտական բուռն քննարկումներից հետո որոշվեց առաջարկել կրթության և գիտության նախարարությանն ու գնահատման և թեստավորման կենտրոնին` 0,25 միավորով բարձրացնել այն դիմորդների գնահատականները, ովքեր սխալ են պատասխանել 45-րդ և 79-րդ հարցերին։ Այս որոշումը նաև հանրային լարվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակ ուներ։ Առաջարկ եղավ հետագայում թեստերից հանել գրականության հարցերը, քանի որ թեստային համակարգով հնարավոր չէ ստուգել գրականության գիտելիքները։ Բացի այդ, առաջարկվեց թեստի հարցերին տրվող գնահատականները տարբերակել ըստ բարդության և ոչ բոլոր հարցերը հավասարապես գնահատել 0,25 միավորով։ Ներկայացված առաջարկները կքննարկվեն, իսկ վերջնական որոշումը նախարարինն է։
Ծագած խնդիրների շուրջ զրուցեցինք նաև հայոց լեզվի և հայ գրականության թեստերի համահեղինակ ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-Պարոն Գրիգորյան, ի վերջո, ինչո՞ւ են թեստերն այդքան դժվար։
-Թեստերը հեշտ չեն. կան և՛ հեշտ, և՛ միջին բարդության, և՛ զգալի քանակով բավականին բարդ, հագեցած առաջադրանքներ, որոնք բոլորն էլ, առանց բացառության, համապատասխանում են դպրոցական դասագրքին և ծրագրին։ Ոչ մի շեղում չկա ո՛չ նյութի ընդգրկման, ո՛չ էլ հարցադրումների պահանջների առումով։
-Այս պահի դրությամբ ամենացածր միջին միավորը գրանցվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ինչո՞վ կբացատրեք դա։
-Կան մի շարք պատճառներ։ Նախ` սա ոչ թե մեկ, այլ երկու առարկայի քննություն է։ Մյուս առարկաներն ավելի ճշգրիտ են համարվում, որոշակի դասագրքերի սահմաններում են, իսկ հայերենի նյութը, բացի դասագրքերից, ընդգրկում է հայոց լեզվի առումով բոլոր բառարանները` բացատրական, հոմանիշների, համանունների։ Այսինքն, ոչ թե դասագրքից դուրս, այլ դասագրքերը լրացնող, հավելյալ շատ մեծ ծավալի նյութ կա, իսկ գրականության առումով, բացի դասագրքերից, կան նաև բնագրերը, որոնք նույնպես դիմորդը պետք է իմանա։ Այնպես որ, թեստի բարդությունն առաջին հերթին ես կապում եմ այդ մեծ ծավալի հետ։
-Մասնագետների մի մասը նշում է, որ թեստերը ոչ պրոֆեսիոնալ մակարդակով են կազմվել և պարունակում են բազմաթիվ ծուղակներ։
-Երկու բան իրարից անմիջապես տարանջատենք` թեստերի պրոֆեսիոնալիզմի հարցը և դժվարության հարցը։ Թեև այս տարվա թեստերը դժվար են, բայց մասնագիտական առումով որևէ խոցելի տեղ, որևէ սխալ, վրիպակ չկա։
-Ճի՞շտ եք համարում, որ դիմորդների հետ պարապող մասնագետները կազմում են միասնական քննական թեստեր։
-Նախ` դա մեր որոշումը չէ։ Հակառակ դեպքում, պետք է գտնեն մասնագետների, ովքեր առնչություն չունեն դպրոցի կամ դիմորդների հետ (հավանաբար, հարկ կլինի փնտրել նրանց մեկ այլ մոլորակում)։ Բացի այդ, եթե այդ մասնագետը չպարապի դիմորդների հետ, ավելի վատ որակի թեստեր կստացվեն։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ.- Երեկ բողոքարկման հանձնաժողովը մասնագետների առաջարկները քննարկել և վերջնական որոշում է կայացրել։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ թեստը բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է ուղեցույցին և դպրոցական ծրագրին: Հանձնաժողովը որոշել է նաև Ա 45 առաջադրանքում Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդին վերաբերող լուծման տարբերակը ևս համարել ճիշտ, որի արդյունքում այդ ենթահարցը որպես ճիշտ պատասխան նշած դիմորդների գնահատականը կբարձրացվի 0,25 միավորով: Մյուս առաջադրանքների վերաբերյալ առաջարկությունները մերժվել են` մասնագիտական առումով անվիճելի լինելու հիմնավորումով:
Մինչ հիմնական բողոքարկումը, հիմք ընդունելով «Մաթեմատիկա» առարկայի մասնագիտական խմբի առաջարկը, գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 14-ին տեղի է ունեցել բողոքարկման հանձնաժողովի նիստ, որի արդյունքում որոշում է կայացվել «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության 1, 2, 3, 4 թեստերի 59, 60, 61, 62 առաջադրանքները սխալ լուծած կամ չլուծած շրջանավարտների արդյունքները համարել դրական:

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ